Լոնդոնում կոտրել են Զիգմունդ Ֆրեյդի աճյունն ամփոփող սափորը
Բրիտանիայի մայրաքաղաքում գողության փորձի ժամանակ կոտրել են լեգենդար հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի աճյունն ամփոփող սափորը, հաղորդել է Լոնդոնի ոստիկանությունը:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, իրավապահ մարմինների աշխատակիցների համաձայն՝ Լոնդոնի հյուսիսային Գոլդերս-գրին շրջանում դեպքը տեղի է ունեցել դեռևս Ամանորի գիշերը: Գրեթե ամբողջությամբ կոտրված հունական սափորը, որի մեջ գտնվել է Ֆրեյդի և նրա կնոջ՝Մարտայի աճյունը, աշխատակիցները հայտնաբերել են հունվարի 1-ին՝ գետնին: Ոստիկանությունում ենթադրում են, որ անհայտ հանցագործը մտել է շենք՝ նպատակ ունենալով գողանալ սափորը, սակայն ինչ-որ պատճառով չի կարողացել իրագործել մտածածը:
«Հնարավոր է՝ հանցագործին գրավել է մ.թ. 3-րդ դարում ստեղծված սափորի բարձր արժեքը, ինչպես նաև դրա պարունակության յուրահատկությունը»,- հայտարարել է Լոնդոնի քրեական ոստիկանության կոնսթեբլ Դենիել Քենդլերը: «Ամեն դեպքում նման ցինիկ հանցագործություն կարող էր իրականացնել միայն անհոգի մարդը, և մենք կանենք ամեն բան նրան կալանավորելու համար»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ ներկայում Ֆրեյդի և նրա կնոջ աճյունը «գտնվում է ապահով վայրում»:










