ԶԼՄ-ները հայտնել են ամենաթանկ նկարի իսկական գնորդի անունը

17:05 • 16.01.14

2013 թվականին 142,2 միլիոն դոլարով վաճառված Ֆրենսիս Բեկոնի «Լուսյեն Ֆրեյդի դիմանկարի երեք ուրվագծերը» նկարի իրական սեփականատերն Էլեյն Ուինն է՝ ԱՄՆ-ի խաղային մագնատ Սթիվեն Ուինի նախկին կինը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Թերթը նշում է, որ Էլեյն Ուինը հասանելի չի եղել մեկնաբանությունների համար, սակայն նրա բոլոր ծանոթները պնդում են, որ Ֆրենսիս Բեկոնն Ուինի ամենասիրելի հեղինակներից է: Նրա հավաքածուում կա անգլիացու ևս մի գործ, սակայն թե կոնկրետ որն է, չի հաղորդվում:

 

Անցած տարվա նոյեմբերի 12-ին տեղի ունեցած Christie’s աճուրդում Բեկոնի կտավը ռեկորդային գումարով ձեռք էր բերել անանուն գնորդը: Այդ ժամանակից ի վեր ԶԼՄ-ները փորձում էին գուշակել նկարի նոր տիրոջ անունը: Հնարավոր թեկնածուների թվում էր Սթիվեն Ուինը՝ մի քանի խաղատների, այդ թվում՝ Wynn Las Vegas-ի սեփականատերը:

 

Սթիվեն և Էլեյն Ուիններն արվեստի սիրահարներ և հավաքորդներ են: Զույգը, որը բաժանվել է 2010 թվականին, կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել պատկերասրահներ: