Այսօր հայտնի կդառնան «Օսկար»-ի թեկնածուները
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան այսօր՝ երևանյան ժամանակով 17.30-ին, կհայտարարի հեղինակավոր «Օսկար» մրցանակի թեկնածուների անունները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Միջոցառումը տեղի կունենա Լոս Անջելեսի Բևեռլի Հիլս թաղամասի Սեմյուել Գոլդուինի թատրոնում։ Մրցանակի թեկնածուների անունները կհայտարարեն ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսն ու դերասան Քրիս Հեմսվորթը։
Ըստ կինոքննադատների՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կներկայացվեն «Ստրկության 12 տարի», «Ձգողականություն», «Նեբրասկա», «Խարդախություն ամերիկյան ձևով», «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերը։
«Լավագույն դերասան» անվանակարգում, ըստ ամենայնի, կներկայացվեն Բրյուս Դերնը («Նեբրասկա»), Լեոնարդո դի Կապրիոն («Ուոլ Սթրիթի գայլը»), Թոմ Հենքսը («Կապիտան Ֆիլիփս»), Մեթյու Մակոնահին («Գնորդների դալասյան ակումբը»), Չիվետել Էջիոֆորը («Ստրկության 12 տարի»)։
Ինչ վերաբերում է «Լավագույն դերասանուհի» անվանակարգին, ապա, մասնագետների կարծիքով, կներկայացվեն Էմի Ադամսը («Խարդախություն ամերիկյան ձևով»), Քեյթ Բլանշետը («Ժասմին»), Սանդրա Բալոքը («Ձգողականություն») և Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»)։
«Օսկարի» դափնեկիրների անունները հայտնի կդառնան մարտի 2-ին՝ «Դոլբի» կինոթատրոնում։ 86-րդ մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրում։ Այս տարի «Օսկարը» կվարի հայտնի հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը։










