«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմն արգելում և «կտրում» են տարբեր երկրներում
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմն ամենուր չէ, որ հիացմունքով են ընդունում։ Մի շարք երկրներում ֆիլմն արգելել են ցուցադրել։ Եվս մի քանի պետություններ կրճատել են ֆիլմի տևողությունը և նշել որպես «21 տարեկանից բարձր», գրում է filmpro.ru-ն։
Խնդիրը որոշ բաց տեսարաններում է, որոնք առկա են ֆիլմում։ Օրինակ՝ Հնդկաստանում գրաքննությունը հանել է 3 դրվագ, որոնք կապ ունեն սեքսի և թմրանյութերի օգտագործման հետ։ Հեռացվել են նաև որոշ արտահայտություններ, որոնք, ըստ տեղի բնակիչների, վիրավորում են հավատացյալներին։
Սինգապուրում ֆիլմը նշվել է որպես R21, այսինքն՝ այն կարող են դիտել միայն 21 տարեկանը լրացած անձինք։ Մալայզիայում ֆիլմը պարզապես արգելել են։ Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ վարձույթով զբաղվող ընկերությունը ֆիլմը դիտելուց հետո հասկացել է՝ այն շատ խնդիրներ կունենա գրաքննության հետ՝ անպարկեշտ բառապաշարի, մերկ մարդկանց ցուցադրման և սեքսի պատճառով։ Նման որոշում են կայացրել նաև Նեպալում։
Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում ֆիլմը կրճատել են 45 րոպեով։
Լիբանանում նույնպես նախատեսվում էր կտրել այն նույն հատվածները, որոնք և Հնդկաստանում։ Սակայն կինոսերների ճնշման ներքո գրաքննությունը սահմանափակվել է միայն սեքսի մեկ տեսարան կտրելով։










