Հյուսիսային Ամերիկայի կինոքննադատները լավագույն ֆիլմ են ճանաչել «12 տարվա ստրկություն»-ը

09:10 • 17.01.14

ԱՄՆ-ի և Կանադայի հեռուստատեսային և կինոքննադատների ասոցիացիայի (Broadcast Film Critics Association) կողմից շնորհվող գլխավոր մրցանակը բաժին է հասել «12 տարվա ստրկություն» ֆիլմին, հայտնում է Variety-ն:

 

Քննադատների մրցանակին է նաև արժանացել այդ ֆիլմում երկրորդ պլանի դերակատարումով հանդես եկած Լուպիտա Նիոնգոն: Ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Լավագույն էկրանավորված սցենար» անվանակարգում:

 

Ամենից շատ մրցանակներ ստացել է «Ձգողականությունը»` 7 անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր»` Ալֆոնսո Կուարոն, ինչպես նաև` օպերատոր, մոնտաժող, կոմպոզիտոր, վիզուալ էֆեկտների մասնագետ: Բուն ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆանտաստիկ/սարսափ ժանրի ֆիլմ» անվանակարգում:

 

Էքշըն ժանրի լավագույն դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բալոքը: Լավագույն դերասաններ են ճանաչվել Մեթյու ՄքՔոնահին և Քեյթ Բլանշեթը:

 

Լավագույն կատակերգություն անվանակարգում հաղթողը «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմն է: Քննադատներն այս ֆիլմում հանդես եկած Էյմի Ադամսին ճանաչել են «Լավագույն կատակերգակ դերասանուհի»:

 

Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել «Ադելի կյանքը», իսկ դրա գլխավոր դերակատարուհի Ադել Էկզարկոպուլոսը` «Լավագույն երիտասարդ դերասանուհի»:

 

Կինոքննադատների այս` 280 մասնագետներ ներառող ընկերակցությունն իր մրցանակներն է շնորհում 1995-ից ի վեր: Վերջին 5 տարիներին այս մրցանակաբաշխության հաղթողները նաև «Օսկար» են ստացել: