Բոսնիական քաղաքի գրադարանը հայտարարել է Պաբլո Պիկասոյի կտավներից ունենալու մասին

10:39 • 17.01.14

Բոսնիական Կոզարսկա Դուբիցա քաղաքի ազգային գրադարանում հայտնել են, որ իրենց մոտ է պահվում 20-րդ դարի իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի նախկինում անհայտ կտավներից մեկը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Գրադարանի աշխատակիցների վստահեցմամբ՝ Պիկասոյի կտավը երկար տարիներ գաղտնի է պահվել գրադարանում։

 

Կտավի վրա չկա նկարչի ստորագրությունը, միայն ամսաթիվն է նշված, սակայն գրադարանի ներկայացուցիչները չեն կասկածում, որ այն օրիգինալ կտավն է։ Նրանց խոսքով՝ Պիկասոյի աշխատանքը գրադարանին է նվիրել ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչը։ Նա այն նվեր էր ստացել 1964թ. Փարիզում։

 

Քաղաքի Մշակույթի կենտրոնի նախկին տնօրեն Ստոյան Բանյացը հարցազրույցներից մեկում նշել է, որ այս տարիների ընթացքում «շատ է վախեցել» պահել նման թանկարժեք նվերը։

«Մենք այն ժամանակ չունեինք տեխնիկական պայմաններ նկարի պահպանման համար։ Մենք կարող էինք պահպանել այն միայն լռությամբ»,- ասել է Բանյացը։

 

Կոզարսկա Դուբիցա համայնքի ղեկավար Միլե Զլոյուտրոն հայտնել է, որ աշխատանքը կստուգվի։ Եթե հաստատվի, որ կտավն իսկապես պատկանում է Պիկասոյին, կցուցադրվի՝ համապատասխան անվտանգության ապահովմամբ։