Այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում:
«Ընդհանուր առմամբ պատերազմի վտանգ միշտ էլ կա, ես իմ ծառայակից ընկերների հետ միշտ դրան ենք պատրաստվում և միշտ պատրաստ ենք, բայց այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր ենք գնահատում»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը այլ երկրների հետ՝ նախարարը նշեց, որ այդ համագործակցությունը դաշնակիցների հետ Հայաստանին բավական ուժեղացրել է:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարձրացվել է անվտանգության համակարգի մակարդակը. «Առաջին կարևոր փաստաթուղթը ստորագրվել է 2010թ.-ին: Նոր պայմանավորվածությունները թույլ են տվել, որ մենք մեր ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հիմքերը ստեղծենք: Իսկ հեռահար և ճշգրիտ միջոցների ձեռքբերման շուրջ մեր պայմանավորվածությունները գտնվում են ուժի մեջ»:
Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից իրականացված խաղաղապահ առաքելությանը՝ ընդգծելով, որ մասնակցությունը խաղաղապահության, կայունության և անվտանգության գործընթացներին ցույց է տալիս, որ Հայաստանն այսօր անվտանգության ոչ միայն սպառող է, այլ նաև ապահովող:










