Գերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերին

10:20 • 21.11.26

Շուրջ 87,000 մարդ է մասնակցել Գերմանիայի մի շարք քաղաքներում անցկացված երիտասարդական բողոքի նոր ակցիաներին։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով ելույթների կազմակերպիչ հանդիսացող Gen Z regelt («Z սերունդն է որոշում») նախաձեռնությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երկար տարիներ շարունակ երիտասարդությունը պահանջում է որակյալ կրթություն, մեր ապագան ապահովող կլիմայական քաղաքականություն և սերունդների միջև բեռի արդարացի բաշխում։ Դրա փոխարեն մեր հաշվին խնայողություններ են անում և առանց մեզ տեղյակ պահելու որոշում են, թե երբ պետք է պատերազմ գնանք։ Եթե կառավարությունը չի ցանկանում մեզ լսել, ուրեմն մենք մեր մասին բարձրաձայն կհայտարարենք»,- հայտարարել է Gen Z regelt երիտասարդական միավորման ներկայացուցիչ Սթիվեն Սեդեհին։

Նշենք, որ նոյեմբերի 20-ին Գերմանիայի ավելի քան 70 քաղաքներում անցկացվել է երիտասարդական բողոքի ցույցերի համազգային օր։  Փողոց են դուրս եկել 2025 թվականի վերջից ի վեր թվով հինգերորդ համագերմանական «Զինապարտության դեմ դպրոցական գործադուլի» մասնակիցները, ինչպես նաև Gen Z regelt-ի ակտիվիստները։ Սովորողների ելույթների առիթ է հանդիսացել 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած զինվորական ծառայության արդիականացման մասին օրենքը։

Gen Z regelt շարժումն առաջացել է Գերմանիայում 2026 թվականի հոկտեմբերին և հանդես է գալիս Ֆրիդրիխ Մերցի կառավարության սոցիալ-տնտեսական կուրսի դեմ։ Դրա մասնակիցները պահանջում են ոչ միայն լիովին հրաժարվել զինապարտությունից, այլև ավելացնել պետական ծախսերը կրթության և երիտասարդության հոգեթերապևտիկ օգնության վրա, զսպել բնակարանների վարձակալության գները և ուժեղացնել կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

Հոկտեմբերի 31-ին Gen Z regelt-ի առաջին համազգային ակցիան ավելի քան 30 քաղաքներում հավաքել էր շուրջ 100,000 մարդ և մի շարք տարածաշրջաններում ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով։