Աֆրիկացին 23 մլն դոլար է պահանջել ԱԱ-2010-ի ժամանակ էլեկտրականության մասին աղոթքների համար
Հարավաֆրիկյան Լիխտենբուրգի բնակիչը որոշել է տեղական էներգետիկ ընկերությունից դատարանի միջոցով 250 միլիոն ռանդ (մոտ 23 միլիոն դոլար) ստանալ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ էլեկտրականության մասին աղոթքների համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով AllAfrica.com-ին:
Նելսոն Տաբո Մոդուպեի անունից հայտարարության մեջ ասվում է, որ Escom ընկերությունն իրեն գումար է պարտք, քանի որ հենց ինքն է պատասխանատու մարզադաշտեր և այլ շինություններ էներգիայի մատակարարման համար:
Աֆրիկացին նշել է, որ խնդրել է Աստծուն կանխել էներգամատակարարման աղբյուրների վթարը, որի պատճառ կարող էին դառնալ կայծակն ու ուժեղ քամին: Մոդուպեի աղոթքներն իբր փրկել են Escom-ին աշխարհի առաջնության խաղերի ժամանակ էլեկտրականության անջատման հետ կապված հնարավոր անհարմար իրավիճակներից:
Թե ինչպես է էներգետիկ ընկերությունն արձագանքել հայցին, չի հստակեցվում:










