Ցուցարարները ներխուժել են Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի շրջանային վարչակազմի շենք

16:22 • 24.01.14

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Իվանո-Ֆրանկովսկում ընդդիմության աջակիցները ներխուժել են շրջանային վարչակազմի շենք, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ТСН-ին:

 

Հաղորդվում է, որ նրանք ուղղվել են հինգերորդ հարկ, որտեղ գտնվում է նահանգապետ Վասիլի Չուդնովի գրասենյակը: Սակայն պաշտոնյան իր գրասենյակում չի եղել: Տեղական Firtka թերթի տեղեկություններով՝ գրասենյակում միացրած է եղել փողոցում անցկացվող հանրահավաքի ուղիղ եթերը: Թերթը ենթադրում է, որ պաշտոնյան, հետևելով տեղի ունեցող իրադարձություններին, հասցրել է լքել շենքը:

 

Վարչակազմի շենքի առաջ, լրատվական ծառայության տվյալներով, հավաքվել է մոտ հինգ հազար մարդ:

 

Ինչպես «Укринформ» գործակալությանը հայտնել է «Համերաշխություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Անդրեյ Միկիտինը, ներսում արդեն գտնվում է մինչև մեկուկես հազար ցուցարար: Նրանք արգելափակել են շենքի մուտքերը: Firtka-ն հաղորդում է, որ գրավված շենքում կգործի «ազգային դիմադրության շրջանային շտաբ»:

 

Ավելի վաղ ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են ներխուժել շենք, բախումներ են տեղի ունեցել: Մարդկանց ոստիկանները պահել չեն կարողացել: