Մայակովսկու անվան դպրոցում ցուրտ չէ. դպրոցի ծնողական կոմիտե
Վ. Մայակովսկու անվան դպրոցի ծնողական կոմիտեն, անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» օրաթերթի՝ հունվարի 22-ին լույս տեսած հրապարակմանը, որը վերաբերում էր դպրոցի ջեռուցմանը և տեղ էր գտել Tert.am-ի «Մամուլի տեսություն» բաժնում, նամակ է ուղարկել մեր խմբագրություն՝ «Համեցեք Մայակովսկու դպրոց և ստուգեք» նախաբանով:
«Տեղեկանալով «Չորրորդ իշխանությունում» 22.01.2014թ. տպագրված լուրի բովանդակությանը` ցանկանում ենք վերհանել ճշմարտությունը` կապված դպրոցի ջեռուցման հետ: Հարկ ենք համարում նշել, որ մենք ներկայացնում ենք մեր անաչառ տեսակետը` առանց կողմնապահության: Խոսքը մեր երեխաների՝ բարեկեցիկ պայմաններում սովորելու մասին է: Հավաստիացնում ենք, որ դպրոցում ջեռուցման հետ կապված խնդիրներ չեն ծագել:Մենք հաճախ այցելել ենք դպրոց և համոզվել, որ դպրոցը ջեռուցվում է ըստ պատշաճի: Մինչ այդ և այսօր էլ դասարանների ջերմաստիճանը համապատասխանաբար ապահովված է 18 աստիճանով: Միաժամանակ՝ ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Երևանի քաղաքապետին և դպրոցի տնօրինությանը` բնականոն ուսումնական պայմաններ ստեղծելու համար: Ավարտելով մեր խոսքը` հրավիրում ենք Մայակովսկու անվան դպրոց»,-գրել են նրանք:
Դպրոցի ուսուցիներից Նվարդ Սարդարյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով իր և մյուս ուսուցիների անունից, ընդգծեց, որ դպրոցում բոլոր դասարաններում ջերմաստիճանը տատանվում է 18-22 աստիճանի սահմաններում՝ կախված դասարանի արևկող և ոչ արևկող լինելուց:
«Այդ լուրից հետո եկել են դպրոց և ստուգել, արդյո՞ք ցուրտ է դպրոցում, թե՞ ոչ: Բնականաբար՝ ծմակ դասարանում ջերմաստիճանը կարող է փոքր ինչ ցածր լինել՝ 18 աստիճան, իսկ արևկող դասարաններում կարող է հասնել 22–ի»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե գուցե արձակուրդներից հետո է ցածր ջերմաստիճան գրանցվել դպրոցում, ուսուցչուհին պատասխանեց, որ հնարավոր է՝ մեկ-երկու աստիճան ցածր եղած լինի, բայց նույնիսկ՝ այդ ժամանակ երեխաները չէին մրսում:
«Գուցե մեծերիս համար 17 աստիճանի ժամանակ ցուրտ լինի, բայց երեխաները շոգում են, անգամ պատուհան են բացում»,-ասաց նա:










