Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի իր օդային տարածքում, իսկ ԼՂՀ ՊԲ-ն աչալրջորեն հետևում է
Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն իրականացնում են Արցախի օդային տարածքի պաշտպանությունը: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն այսպես արձագանքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե շփման գծում լարվածության աճով պայմանավորված՝ Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։
Անդրադառնալով վերոնշյալին, Սենոր Հասրաթյանն ասաց. «Ինչ վերաբերում է հակառակորդի օդուժին, ապա այն իր թռիչքներն իրականացնում է իր օդային տարածքում, որին Պաշտպանության բանակի հակաօդայինները աչալրջորեն հետևում են»:










