Սահմանային միջադեպերը վտանգում են 2 երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունավետությանը.Վ. Կարապետյան
Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով այսօր Փարիզում անցկացվելիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, ասում է, որ շատ լուրջ կասկածներ ունի հանդիպման արդյունավետության վերաբերյալ: «Նաև, որ կողմերին կհաջողվի ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնց կհաջորդի ավելի բարձր մակարդակի հանդիպում»,- ասում է նա:
-Պարո՛ն Կարապետյան, այսօր Փարիզում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Որքանո՞վ այն արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով սահմանային վերջին միջադեպերը:
-Ճիշտ նկատեցիք, որ սահմանային միջադեպերը, հատկապես այն հայտարարությունները, որ արվում են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից, մեծապես վտանգում են այն հանդիպումը, որ տեղի է ունենալու երկու արտգործնախարարների միջև, և այդ լույսի ներքո հանդիպման էֆեկտիվությունը շատ լուրջ հարցականի տակ եմ դնում: Այս առումով շատ մեծ կասկած ունեմ, որ կողմերին կհաջողվի ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնց կհաջորդի ավելի բարձր մակարդակի հանդիպում (նկատի ունի երկու նախագահների միջնորդների կամա առանց միջնորդների հանդիպումը-Tert.am):
-Միջնորդները անցած տարվա աշնանից պարբերաբար բարձրաձայնում էին, որ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության գործընթացը, որը երկուստեք փորձագիտական գնահատականներով մտել է փակուղի, նոր ջանքերով վերսկսվի: Հիմա միջնորդները չե՞ն փորձի, որ հանդիպումը, ըստ Ձեր նշածի, անարդյունավետ լինի:
- Միջնորդները ավելին չեն, քան միջնորդ, և ամեն բան կախված է բանակցող կողմերի դիրքորոշումներից, և այդ առումով միջնորդները շատ բան կարող են փորձել անել, բայց Հայաստանի դիրքերի թուլացումը, այն, որ արտաքին աշխարհում մենք ավելի ու ավելի նվազ նշանակություն ու դերակատարություն ունենք որպես երկիր, դա լրացուցիչ խոչընդոտ է, որպեսզի բանակցություններում մեզ հետ պատշաճ ձևով հաշվի նստեն: Շատ բան կախված է կողմերից , ոչ միջնորդներից:
-Բացառությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան փոխնախագահի, այլ արձագանքներ գրեթե չեն եղել հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի կապակցությամբ:
-Իսկ ինչքա՞ն ժամանակ է այդ վիճակը:
-Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ տևական ժամանակ է արդեն:
-Ես, ճիշտն ասած, չեմ հավատում, որ դրանք տևական ժամանակ են: Եվ պատճառները հետևյալն են. եթե պաշտպանության նախարարի խոսնակը ճիշտ է ասում տևական ժամանակ լարվածության առկայության մասին, ինձ համար անհասկանալի է, թե անցած տարվա վերջից ինչու է Գերագույն գլխավոր հրամանատարը արձակուրդի մեջ, բացակայում է երկրից, եթե լարվածություն կա երկրում: Ինչպե՞ս հասկանանք, որ պետական բյուջեի հաշվին Սերժ Սարգսյանն ինչ-որ բուժումներ է անցկացնում հեռավոր Կորեայում, առողջարարական տուրիզմով է զբաղվում: Այսինքն՝ եթե իսկապես լարվածություն լիներ, Սերժ Սարգսյանը կլիներ քաղաքում և դրանով լրացուցիչ ազդակներ կհաղորդեր սահմանի վրա կանգնած մեր երիտասարդներին, ավելի վստահություն կներշնչեր: Քանի դեռ ինքը առողջարարական տուրիզմի մեջ է, ես չեմ հավատում, որ որևէ լարվածություն կա սահմանի վրա: Եվ համարում եմ այդ մասին հայտարարությունները ստահոդ:
-Բայց փաստեր կան, չէ՞. դիվերսիոն հարձակում, մեկ զոհ՝ Արմեն Հովհաննիսյանը:
-Ի՞նչ եք ասում, Սերժ Սարգսյանը առողջարարական տուրիզմով է զբաղվում, ես ինչպե՞ս կարող եմ հավատալ այդ ինֆորմացիային: Եթե տենց է , ապա Սերժ Սարգսյանը որտե՞ղ կարող էր լինել:
-Ադրբեջանցի հայտնի փորձագետն այսօր «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հունվարի սկզբից Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցուցումներ է տվել Նախիջևանում զինված ուժերը բերել մարտական այնպիսի պատրաստվածության, որը երբևէ չի եղել և հավելել, որ 2014 -ը շատ բարդ տարի է լինելու, որի ընթացքում դժվար կլինի խուսափել պատերազմից: Ձեր մեկնաբանությունը:
- Առհասարակ, Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները ավելի քիչ վստահություն են ներշնչում, անգամ ավելի քիչ, քան Հայաստանի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներինը: Կրկնում եմ՝ այն հանգստությունը, որ մենք տեսնում ենք մեր բարձրաստիճան պաշտոնյաների մոտ՝ նրանց վարքագծում, այն անտարբերությունը, որ նրանց մոտ կա, ինձ հիմք չի տալիս խոսել սահմանի վրա լարվածության առկայության մասին: Այլապես Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, ոչ թե Կորեայում կլիներ, այլ Երևանում ու համապատասխան արձագանք կտար:










