Տպավորություն է, թե Ուկրաինայում իրադարձությունները զարգանում են դրսում գրված սցենարով. Կլիչկո

10:09 • 25.01.14

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն անտրամաբանական է համարում ուժային կառույցների գործողությունները. այդ մասին նա հայտնել է ԶԼՄ-ներին Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Այն, ինչ կատարվում է երկրում, տրամաբանական չէ։ Երբ «Բերկուտի» ուժերը ցրում են 17-ամյա ուսանողների խաղաղ ցույցը, երբ միջազգային դիտորդների ներկայությամբ մաքրվում է հրապարակը խաղաղ ցուցարարներից, երբ ծեծում են լրագրողներին և անհետանում են մարդիկ։ Երբ տեղի են ունենում դեպքեր, որոնք չեն տեղավորվում իրադարձությունների տրամաբանության շրջանակում, տպավորություն է ստեղծվում, որ դա կամ սադրանք է, կամ կանխամտածված գործողություններ, կամ դրսում գրված սցենար»,- ասել է Կլիչկոն։

 

Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հաղորդվում է ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով նոր վիրավորների մասին։