Միջազգային ասպարեզում Պուտինը բազմիցս գերազանցել է Օբամային. Միթ Ռոմնի

09:46 • 25.01.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային ասպարեզում բազմիցս գերազանցել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային, կարծում է Միթ Ռոմնին՝ Օբամայի գլխավոր մրցակիցը 2012թ. ընտրությունների ժամանակ, գրում է Взгляд-ը։

 

«Ես կարծում եմ, որ Պուտինը միջազգային ասպարեզում բազմիցս առաջ է անցել մեր նախագահից»,- ասել է Ռոմնին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Մեկնաբանելով իր տեսակետը՝ նա հիշեցրել է Սիրիայի հակամարտության շուրջ երկու նախագահների դիրքորոշումների տարբերության մասին։ Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն պատրաստ էր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ։ Սակայն դեպքերի նման ընթացքից հաջողվեց խուսափել ռուսական կողմի շնորհիվ, ով հանդես եկավ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու նախաձեռնությամբ։

 

Ռոմնին հիշեցրել է նաև ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը, ում Ռուսաստանը ժամանակավոր ապաստան է տրամադրել։


«Ես կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր հետևում են միջազգային իրադարձություններին, կարծում են, որ Ռուսաստանը բարձրացրել է իր կարգավիճակը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն իջեցրել է»,- կարծում է քաղաքական գործիչը։