Կիևում այրել են Սիրահարների կամուրջը. անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 116 մարդ
Կիևում ցուցարարներն այրել են Սիրահարների կամուրջը, որը գտնվում է Մարիանյան այգու և «Դինամո» մարզադաշտի հարևանությամբ: Ընդդիմության կողմնակիցները կամրջի վրա այրվող անվադողեր են նետել, որպեսզի իրավապահները չկարողանան շրջանցել ցուցարարներին Գրուշևսկու փողոցում և Եվրոպական հրապարակում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` կամրջի փայտյա մասերը գրեթե ամբողջությամբ այրվել են:
Սիրահարների կամրջի մոտակայքում, որը սիրո խոստովանությունների և ամուսնության առաջարկ անելու ավանդական վայր է, անցյալ տարվա մայիսի 7-ին կանգնեցվել է «Սիրո արձանը», որը պատկերում է երկու տարեց մարդկանց` գրկախառնված, ովքեր չեն կարողանում բաժանվել միմյանցից:
УНИАН գործակալության հաղորդմամբ` ոստիկանությունը մասսայական անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալել է 116 մարդու:










