Կիմ Չեն Ընի ազգականի ողջ ընտանիքին մահապատժի են ենթարկել
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ղեկավարի հրամանով ոչնչացվել է Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսնու ողջ ընտանիքը։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը` «Ռենհապ» գործակալությանը հղումով։
«ԿԺԴՀ նախագահի հրամանով զանգվածային մահապատժի են ենթարկվել Չան Սոն Տհեկի ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ՝ երեխաները»,-հաղորդել է աղբյուրը, որը տեղյակ է Հյուսիսային Կորեայում տիրող վիճակի մասին։
Գործակալության տվյալներով՝ Չան Սոն Տհեկի ավագ քույրը՝ Չան Գե Սունը՝ ամուսնու հետ, Կուբայում ԿԺԴՀ դեսպան Չոն Էն Չժինը, ինչպես նաև՝ Չան Սոն Տհեկի զարմիկը՝ Մալազիայում ԿԺԴՀ դեսպան Չան Էն Չհոլը՝ 12-ամյա որդիների՝ Տե Ռենի և Տե Ունի հետ, կանչվել են Փհենյան և մահապատժի ենթարկվել։
Չան Սոն Տհեկի երկու եղբայրները մահացել էին ավելի վաղ՝ հիվանդությունից, դրա համար էլ զանգվածային մահապատժի են ենթարկվել ԿԺԴՀ ղեկավարի ազգականի քույրերի ժառանգները, այդ թվում՝ մանկահասակ թոռները։
Գործակալությունը տեղեկացնում է, որ Չան Սոն Տհեկի ընտանիքի անդամները, որոնք դիմադրություն էին ցույց տվել իշխանություններին, սպանվել են հենց իրենց տների առջև՝ հարևանների աչքի առաջ։










