«Անտարեսի» տնօրենը կարծում է, որ ԱՊՀ երկրների համար միասնական պատմության դասագիրքը «թունավոր գազեր» է արձակելու
Եթե ԱՊՀ երկրների համար միասնական պատմության դասագիրք ստեղծվի, ապա այն այնպիսի թունավոր գազեր է արձակելու, որն, ի վերջո, պայթյունի էֆեկտ է ունենալու: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ ասելով. «Պատմական իրադարձությունը և հետո պատմության մեկնաբանությունը նույն պայթյունի ուժն ունեն»։
Նա նշեց Ֆինլանդիայի օրինակը, որը հետևյալ սկզբունքն է որդեգրել. «Մենք այս պահին Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենք և 50 տարով մոռանում ենք մեր կորցրած տարածքները»:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ ՌԴ Դաշնային խորհրդին կից ինտեգրացիոն խմբի՝ նախորդ տարեվերջին կայացած նիստի ժամանակ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարերել էր, որ ստեղծվելու է նման դասագիրք:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ժամանակին Իոսիֆ Ստալինի կամ Սովետական կայսրության ղեկավարների կողմից վերահսկողությունը պահելու նպատակով քաղաքականության, գործողությունների հետևանքով էր, որ հետագայում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, դրանք գրեթե բոլոր տեղերում արյունահեղությունների վերածվեցին:
«Ղարաբաղն ու Դաշտային Ղարաբաղը տվեցին Ադրբեջանին, ԼՂ-ն էլ ինքնավար մարզի կարգավիճակ ստացավ, նույնը նաև՝ Նախիջևանը… Նաև հիշեցնեմ, որ ավտոնոմիաները կոչվել են ոչ այդտեղ ապրող ժողովուրդների անունով»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը և շարունակեց թվարկել. «Մերձդնեստրի խնդիրը կա, այլ տարածքներ, քանի որ կայսրությունը հատուկ այնպես է ձևավորել այդ տարածքները, որ վերահսկելի լինեն, մի ժողովրդից խլել է, տվել մեկին, մյուսից խլել է, տվել երրորդին…»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ակնհայտ է, որ խնդիրներ կարող են լինել ԱՊՀ այլ երկրների մասով ևս: Ըստ «Ատարեսի» տնօրենի՝ անկառավարելի իրավիճակ կստեղծվի նաև պատմական տարեթվերի մեկնաբանության հետ կապված:
«Ռուսներն, օրինակ, մի տարեթիվ նշում են որպես Լատվիայում հաղթանակի օր, լատվիացիները՝ որպես օկուպացիայի օր… Կամ Գոլոդոմորի խնդիրն Ուկրաինայում, և այլն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ի պատասխան հարցի, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է վստահ, որ կոնյուկտուրային դասագիրք է գրվել, հրատարակիչը բերեց Ռուսաստանի զինուժի Գլխավոր շտաբի պատմության բուհական դասագրքի օրինակը:
«Այնտեղ, օրինակ, գրված է, որ Ադրբեջանը պետք է կազմալուծվի և բաժանվի երեք մասերի. մի մասը գնա Իրանին, մի մասը՝ Հայաստանին, մյուս մասը՝ Ռուսաստանին: Հիմա ադրբեջանցու տեսանկյունից սա ինչպե՞ս է ընկալվելու»:
Այլ խոսքով՝ տարբեր ժողովուրդների կողմից իր սեփական պատմության ընկալումները, որպես կանոն, չեն համադրվում մյուս ժողովուրդների ու նրա պատմաբանների ընկալումների հետ: Նման ընկալումները, ըստ Արմեն Մարտիրոսյանի, տարբեր են լինում հենց նույն պետության մեջ, օրինակ՝ պուտինյան և ելցինյան Ռուսաստանների՝ պատմական դեպքերի ու իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքն ու արժևորումները:
Նա հավելեց, որ բոլորովին անհրաժեշտ չէ, որ Հայաստանը հրաժարվի այդ դասագրքից, քանի որ «Ռուսաստանը վտանգավոր և կարևոր դաշնակից է», այլ կարելի է «Խաղաղ պայմաններում, հանգիստ վիճակում ներկայացնենլ հայկական մոտեցումները և աշխատել, որպեսզի մեր կարծիքն առավելագույնս ներկայացվի այդ դասագրքերում»:










