Սուրիկ Խաչատրյանը և իր բանդայի դերակատարները կանգնելու են արդար դատաստանի առաջ. Գորիսի նախկին քաղաքապետ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ում դեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հայտարարում է, որ այդ հայցադիմումի մեջ նախկին մարզպետը սխալներ է թույլ տվել, սխալ է գրել իր անձնագրային տվյալները, անգամ՝ իր իսկ անունը:
«Այդ հայցադիմումը պետք է ընդհանրապես դատարանի վարույթ չընդունվեր»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը՝ պնդելով.«Միևնո՛ւյն է, և՛ Սուրիկ Խաչատրյանը, և՛ իր բանդայի առանցքային դերակատարները մի օր կանգնելու են հայոց արդար դատաստանի առաջ: Ես հասնելու եմ դրան»:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զրպարտության համար է դատի տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին և նրանից պահանջել 1.5 մլն դրամ:
Սամվել Հարությունյանն ասաց, որ հայցադիմում ներկայացնողը պետք է նախևառաջ՝ հայցադիմումին կցի իր անձնագրի պատճենը, ինչը Սուրիկ Խաչատրյանն ի սկզբանե չի արել. «Միայն դա բավական էր, որ դեռ այն ժամանակ հայցադիմումը մուտք չանեին: Դեռ հոկտեմբերի 23-ին՝ դատական նիստի ընթացքում, իմ փաստաբան Մուշեղ Նշանյանն անմիջապես նշել է, որ սխալ փաստերով է կազմվել հայցադիմումը՝ անձնագրային տվյալների առումով: Նա հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանի փոխարեն ներկայացել է որպես Սուրեն Խաչատրյան, հայրանունն ընդհանրապես չի գրել: Բացի այդ՝ անձնագրային տվյալներում էլ բազմաթիվ սխալներ կան: Դատական նիստի ընթացքում դա ապացուցվել է. երբ Սուրիկ Խաչատրյանին հարկադրել են դատարան ներկայանալ, նիստի ընթացքում նա ներկայացրել է անձնագրի պատճենը, որտեղ բոլորովին այլ բան է նշված»,-պնդեց Սամվել Հարությունյանը:
Նրա համոզմամբ՝ հենց այդ ժամանակ դատավոր Անի Մխիթարյանը պետք է անմիջապես վարույթից հաներ նշված հայցադիմումը:
«Սուրիկ Խաչատրյանը հայցադիմումի մեջ նշել է, որ հունիսմեկյան դեպքերից հետո (խոսքը Բուդաղյան եղբայրների դեպքի մասին է) ինքը շատ վատ վիճակում է եղել, և իր մերձավորներն իրեն տեղյակ չեն պահել իմ և այլոց կողմից հրապարակումների մասին: Բացարձակ սուտ է»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը՝ շարունակելով.«Շատերին է հայտնի, որ հունիսմեկյան այդ հրեշավոր հանցագործությունից ընդամենը մի քանի ժամ հետո նա միանգամայն սթափ վիճակում լրագրողներին ասել է, որ եթե քնած չլիներ, ապա մի 20 հատ կշարեր դրանց գլուխներին: Դրանից մի 3-4 օր հետո էլ նա տեղափոխվել է Երևան, և բոլորն էլ գիտեն, որ նա «Մարիոթ» սրճարանի բացօթյա հատվածում էր լինում, բոլորը նրան տեսնում էին շատ լավ տրամադրության մեջ: Այդ սահմռկեցուցիչ դեպքից հետո նա և իր ընտանիքի անդամները Գորիսում, Երանում և այլուր իրենց վայրի խրախճանքներն էին անցկացնում: Այնպես որ՝ դա նույնպես հիմնավորում չէ»:
Բացի այդ՝ Սամվել Հարությունյանի բնորոշմամբ՝ հունիսմեկյան այդ ոճրագործությունից հետո Սուրիկ Խաչատրյանի անօրինությունների մասին իր առաջին հրապարակումը եղել է հունիսի 3-ին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում:
«Հաջորդ օրն իսկ Սուրիկ Խաչատրյանն իր մերձավորներին ուղարկել է ինձ հետ հանդիպելու, զանգահարել են, փորձել են գայթակղել, ինչ-որ տեղ նաև՝ սպառնալիքներ են եղել, որպեսզի ես հրաժարվեմ տխրահռչակ Լիսկայի այդ արտասովոր քրեական ընթացքը մերկացնելուց»,-պատմեց Սամվել Հարությունյանը՝ ավելացնելով.«Տեսնելով, որ չի կարողանում սիրաշահել, մտածել է, որ պետք է հայցադիմում ներկայացնի, գուցե ես վախենամ և հրաժարվեմ իմ հետագա հրապարակումներից , որպեսզի իմ դեմ դատարանի վճիռ չլինի, որպեսզի ֆինանսապես չտուժեմ, ինչը նույնպես ձախողվել է»:
Գորիսի նախկին քաղաքապետն ասաց, որ իր բնավորության համաձայն՝ ինքը նման դեպքերում ավելի վճռական է տրամադրվում, և 70-ից ավելի հրապարակումներով է հանդես եկել՝ հայտարարություններ, ելույթներ, հարցազրույցներ:
«Ես քանիցս ասել եմ, որ Սահմանադրությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է ՀՀ քաղաքացիների կյանքի, իրավունքների և ազատությունների երաշխավորը, և քանի որ իմ նկատմամբ նման վտանգ կա, այդ իսկ պատճառով ես իմ անվտանգության ո՛չ միայն երաշխավորը, այլև՝ պատասխանատուն համարել եմ Սերժ Սարգսյանին, այսուհետ էլ այդպես եմ մտածում: Գուցե հենց դա՛ է պատճառը, որ առայժմ որևէ այլ կարգի բռնության չեն դիմել»,-նշեց Սամվել Հարությունյանը:
Դիտարկմանը, թե ինչ-որ միտում կա՞ նրանում, որ Սուրիկ Խաչատրյանը, կարծես թե, ուզում է օրենքի լեզվով խոսել Սամվել Հարությունյանի հետ, վերջինս արձագանքեց. «Սուրիկ Խաչատրյանն ինձ հետ ընդհանրապես որևէ լեզվով չի կարող խոսել, առավել ևս՝ օրենքի: Նրա լեզուն, հոբբին բիրտ ուժն է, բռնությունն է, վայրի կամայականությունն է: Նա արնախում, արյունարբու է»:
Անդրադառնալով դատական գործընթացին՝ Սամվել Հարությունյանն ասաց, թե հույսեր չի փայփայում, որ տվյալ գործի հետ կապված՝ կհասնի արդարադատության իրականացման:
«Ո´չ միայն նա հունիսմեկյան այդ հրեշավոր ոճրագործության համար քրեական հետապնդման չենթարկվեց, այլև՝ քրեական հետապնդումից ազատ արձակվեցին նրա որդին և թիկնապահը: Նա պատասխան չի տվել նաև վերջին 23 տարիների բազում հանցանքների համար, որոնց մի փոքր մասի՝ ավելի քան 60 հանցանքի վերաբերյալ ես հունիսի 3-ից սկսած՝ հանդես եմ եկել համապատասխան հրապարակումներով»,-ասաց նախկին քաղաքապետը՝ հավելելով, թե մինչ օրս իր այդ հայտարարությունների հետ կապված որևէ քրեական գործ չի հարուցվել:
«Սուրիկ Խաչատրյանը, նրա բանդայի առանցքային դերակատարները դեռևս ձերբակալված չեն, սակայն մի օր նրանք կանգնելու են արդար դատաստանի առաջ»,-ասաց Սամվել Հարությունյանը՝ հավելելով, թե իր հրապարակումները նաև միջազգային հնչեղություն են ստացել, և ինքը չի կասկածում, որ միջազգային կառույցների գնահատականները չեն ուշանալու Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի և այդ հարցում Հայաստանի իշխանությունների՝ շարունակվող հանցավոր անգործության վերաբերյալ:










