Կրուիզային լայների 300 ուղևոր թունավորվել է Կարիբներում

12:48 • 26.01.14

Royal Caribbean ամերիկյան ընկերության կրուիզային լայներում, որն այժմ գտնվում է Կարիբյան ծովում, 281 ուղևոր և անձնակազմի 22 անդամ վարակվել է անհայտ աղեստամոքսային վարակով։ Այս մասին հաղորդում է rt.com-ը: Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ–ները՝ վարակվածները բողոքում են ստամոքսի խանգարումից և փսխումից: Վարակի հստակ պատճառը դեռ չի պարզվել:


Explorer of the Seas կրուիզային լայների վրա ընդհանուր առմամբ՝ գտնվում է 3050 ուղևոր և անձնակազմի 1165 անդամ: Այժմ նավի վրա ախտահանում է իրականացվում:


Բժիշկները կկարողանան զննել հիվանդներին, երբ լայները ժամանի Սենթ-Թոմաս կղզու նավահանգիստ: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել, թե ինչից են կոնկրետ վարակվել նավի ուղևորները:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն ընկերության մեկ այլ կրուիզային լայներ ստիպված էր եղել դադարեցնել ճանապարհորդությունը Բահամյան կղզիներով և վերադառնալ Մայամիի նավահանգիստ՝  ուղևորների զանգվածային վարակման պատճառով: