Հայաստանում ստեղծվել է աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոն
«Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը, որը պայքար է մղում աղանդավորական կազմակերպություններում իրականացվող օրինախախտումների դեմ, ստեղծել է տարբեր աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն, որտեղ մարդկանց օգնություն են ցույց տալու հատուկ վերապատրաստված մասնագետներ:
Tert.am-ի հետ զրույցում ՄԵԼ–ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասաց, թե պայքարի շրջանակում ՄԵԼ-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տուժել են այս կամ այն աղանդների գործունեություններից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղանդների գործունեությունից այսքան ժամանակ տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, հետևաբար ցանկացած հայի համար պետք է լրջագույն և կարևորագույն խնդիր լինի հոգեպես վատ վիճակում գտնվող անձանց օգնելը»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին, թեև իրենց կենտրոնի պաշտոնական բացումը չի եղել, սակայն արդեն իրենք նույնիսկ ստորագրություններով դիմումներ ունեն տուժողներից:
«Կենտրոնում գործելու են մեկական հետաքննող լրագրող, հոգեբան, և իրավաբան»,– ասաց Սևակ Հովհաննիսյանը, ապա ավելացրեց, որ կենտրոնի մասնագետները կաշխատեն վճարովի հիմունքներով, իսկ դիմողներին լրիվ անվճար է օգնություն ցուցաբերվելու:
Կենտրոնը ֆինանսներ է ստանալու արտերկրում բնակվող հայ բարերարներից, ովքեր առաքելական եկեղեցու հետևորդներ են:
Սևակ Հովհաննիսյանն աղանդներից տուժելու մի օրինակ նշեց՝ ասելով, թե Եհովայի վկաներից մի կին իր երեխաներին ամեն օր ծեծելով ստիպում է, որ նրանք դպրոցում դասերին մասնակցելու փոխարեն իրենց հավաքներին մասնակցեն:










