Իրեն հարգող ոչ մի ազատամարտիկ այս իշխանությունների ձեռքից չպետք է մեդալ ու պատվոգիր վերցնի. ազատամարտիկ
Իրեն հարգող ոչ մի ազատամարտիկ այս իշխանությունների ձեռքից չպետք է մեդալ ու պատվոգիր վերցնի, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։
«Բոլորը թող ընդօրինակեն արձակագիր Լևոն Խեչոյանին (ազատամարտիկ), որը չվերցրեց ոչ մի բան: Իրենցից մեդալ վերցնելը մենք համարում ենք ստորություն, այլ ոչ պարգևատրում»,– ասաց նա:
Հիշեցնենք , որ վաղը Հայոց բանակի օրն է, և, ըստ ընդունված կարգի, ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ միասին մեդալներ ու պատվոգրեր կտրվեն արցախյան պատերազմի վետերաններին:
Խաչատուր Խաչատրյանը հավելեց, որ այս իշխանությունները մեդալներ բաժանելու փոխարեն պետք է ազատեին պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, ում «քաղաքական պատվերով ազատազրկել են»։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 20-ին՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։ Նա մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու մեջ:
Այսօր ազատամարտիկները գնալու են դիտելու Վոլոդյա Ավետիսյանի մասին պատմող «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿԸ» փաստագրական ֆիլմը:










