Առիթն օգտագործեցինք, որ ինքը հարգի իր խոսքը. ֆրանսահայը՝ Օլանդի Թուրքիա այցի դեմ բողոքի ակցիայի մասին
Երեկ Ֆրանսահայ համայնքը Փարիզի Տրոկադերոյի հրապարակում բողոքի ակցիա է անցկացրել՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա պաշտոնական այցի։
Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական կազամակերպությունների համակարգող խորհրդի անդամ Արա Թորանյանն ասաց.
«Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսման հարցում, և մենք այս առիթն օգտագործեցինք, որ հիշեցնենք պարոն Օլանդին իր խոսքերը. նա խոստում տվեց հայերին, և պետք է հարգի իր խոսքը»:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Ֆրանսիայի սոցիալիստ նախագահը հայտարում էր, որ կանի հնարավորը Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման համար, ինչի հետևանքով Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հայկական համայնքի ձայները կիսվեցին՝ հօգուտ սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի և Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի։
Նշենք, որ շաբաթ օրը նույն հարցով ցույցեր էին անկցացվել Լիոնում և Մարսելում, բայց դրանցից ամենաբազմամարդը եղել է Փաիզինը՝ 300-400 հոգի։
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա պետական այցը Թուրքիա Ֆրանսիայի նախագահի մակարդակով առաջինն է վերջին 22 տարվա ընթացքում։ Նախատեսվում է, որ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ:
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը՝ այցի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Թուրքական Hurriyet Daily News-ն էլ տեղեկացնում է, որ Օլանդը հանդիպում կունենա նաև «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ, 2007 թվականին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:










