Կայացել է Օլանդ-Գյուլ հանդիպումը

17:55 • 27.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Թուրքիայում դիմավորել են Եվրամիության հարցերով նորանշանակ պետնախարար Մևլութ Չավուշօղլուն և Անկարայի նահանգապետ Ալաադին Յուքսելը։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, ավելի ուշ Օլանդին ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

 

Օլանդն իրեն համազարկերով դիմավորող զինվորականներին ողջունել է թուրքերենով «բարև՛, զինվոր» ասելով։

 

Պաշտոնական արարողակարգին մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ԵՄ հարցերով նախարար Մևլութ Չավուշօղլուն, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները, այլ պաշտոնյաներ։

 

Գյուլի և Օլանդի առանձնազրույցից և երկու պատվիրակությունների ընդլայնված հանդիպումից հետո նախատեսվում է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

 

Օլանդը վերջին 22 տարիների ընթացքում Ֆրանսիայի առաջին նախագահն է, որն այցելում է Թուրքիա։ Նրան ուղեկցում են բազմաթիվ նախարարներ և գործարարներ։