ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է հռչակագիր, որում կոչ է անում գերիների համար փրկագին չվճարել ահաբեկիչներին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով կոչ է անում կազմակերպության անդամ պետություններին՝ ահաբեկիչներին փրկագին չվճարել գերիներին ազատ արձակելու համար, որովհետև դրանից ահաբեկչական կառույցները կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգուտներ ստանալ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հռչակագրում հիշատակվում է Լոխ-Էրնեյում կայացած «G8»-ի հունիսյան գագաթնաժողովի կոմյունիկեն, որով պետություններին առաջարկվում է շարունակել փրկագին ստանալու դիմաց գերիներ առևանգելու կանխարգելիչ միջոցառումները: Անվտանգության խորհուրդը նաև կոչ է արել այս թեմայով Միացյալ Ազգերի հակաահաբեկչական հանձնաժողովի հատուկ նիստ գումարել։
Ըստ հռչակագիրը նախաձեռնած Մեծ Բրիտանիայի՝ վերջին 3 տարվա ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները, որոնք կապված են «Ալ-Կաիդայի» հետ, որպես փրկագին միջինը՝ ստացել են 70 միլիոն դոլար:










