Իշխանությունը Եվրամայդանը ցրելու հատուկ գործողություն է պատրաստում 10.000 ուժայինի մասնակցությամբ. ուկրաինացի պատգամավոր

17:17 • 27.01.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցությունից պատգամավոր Գենադի Մոսկալը հայտնել է, որ Ներքին գործերի նախարարությունից տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները Եվրամայդանի տարածքը ցուցարարներից ազատելու համար հատուկ գործողություն են պատրաստում մոտ 10 հազար ուժայինի մասնակցությամբ։

 

Այդ մասին հայտնել է պատգամավորի մամուլի ծառայությունը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Նրա խոսքով՝ իրեն՝ որպես զանգվածային ակցիաների ժամանակ ուժայինների և առանձին պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ Գերագույն ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավարի, տեղեկություն է փոխանցվել Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան սպաներից:

 

Նրանք նշել են, որ ակտիվիստների կողմից ռազմավարական նշանակության օբյեկտների գրավումն առիթ է դարձել մոտակա ժամանակներում երկու հատուկ գործողությունների մշակման և անցկացման համար: Դրանցից մեկը՝ կոդային «Խվիլյա» անվանումով, իբր իրականացվելու է ՆԳՆ ուժերի կողմից՝ ակտիվիստների հսկողության տակ գտնվող տարածքներն ազատելու համար:

 

Նրա խոսքով՝ պլանավորվում է նաև հարձակողական օպերացիայի անցկացում և մի քանի «ֆիլտրացիոն սահմանների» ստեղծում: Նպատակն է՝ ձերբակալել մարդկանց, որոնք լքում են գործողության տարածքը: Այն իրականացվելու է, պատգամավորի տեղեկություններով, բոլոր հարակից փողոցներում և նպատակ է ունենալու ազատել ակտիվիստների գրաված շենքերը:

 

Մոսկալը դիմել է ՆԳՆ և Ուկրաինայի անվտանգության ծառայություն՝ խնդրելով հաստատել կամ պաշտոնապես հերքել տեղեկությունը։