Ռասմուսենը կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին չկրճատել պաշտպանությանն ուղղված ծախսերը

18:25 • 27.01.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական անդամ երկրներին քաղաքական կամք դրսևորել և չկրճատել պաշտպանության համար արվող ծախսերը:

 

«Այժմ, երբ սկսվել է մեր տնտեսությունների վերականգնման գործընթացը, մենք պետք է քաղաքական կամք դրսևորենք, որպեսզի Եվրոպայի համար ամուր պաշտպանություն ապահովենք: Դա նաև թույլ կտա ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ լինել»,- Ռասմուսենի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:

 

Այս հայտարարությունը դաշինքի ղեկավարն արել է Բրյուսելում՝ ներկայացնելով 2013-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության վերաբերյալ հերթական հաշվետվությունը:

 

Միևնույն ժամանակ Ռասմուսենն ընդգծել է, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի մեծաթիվ գործընկերներն էականորեն բարելավվել են իրենց հնարավորությունները զորքերի տեխսպասարկման և տեղաբաշխման ոլորտում: