Ուկրաինայի Բերեզնովատովկա գյուղում հուղարկավորել են Կիևի բախումների զոհ Սերգեյ Նիգոյանին (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում հունվարի 26-ին տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի՝ Կիևի բախումների առաջին զոհի հուղարկավորությունը, գրում է Обозреватель-ը։
«Սերյոժային հանձնեցին հողին։ Հազարավոր մարդիկ էին եկել գյուղ, ուր շատ դժվար է հասնել։ Ծաղիկներ դնելու համար անհրաժեշտ էր հերթ կանգնել։ Երբ դագաղն իջեցնում էին, մարդիկ սկսեցին երգել Ուկրաինայի հիմնը»,- Facebook սոցկայքում գրել է Բորիս Ֆիլատով անունով օգտատերը։
Ըստ «Комсомольская правда» պարբերականի տվյալների՝ երիտասարդին վերջին հրաժեշտը տալու էին եկել հազարավոր մարդիկ. մարդկանց և ավտոմեքենաների շարքը հասել է մինչև 1 կմ-ի։ Չնայած -12 աստիճան ցրտին և քամուն՝ համագյուղացիները որոշել էին դագաղը բռնած տանել մոտ 1.5 կմ։
«Գագիկը և Վեներան Ուկրաինա էին տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից՝ 1990-ին։ Մտածում էին, որ փրկվել են պատերազմից և մահից, սակայն մահը հասավ այստեղ՝ նրանց Սերյոժային»,- արտասվելով պատմել են Նիգոյանների հարևանները։
Ծնողների ցավն առավել սուր է այն պատճառով, որ Սերգեյը նրանց միակ որդին էր։ «Նիգոյանների ընտանիքը շատ համերաշխ է, միշտ հաշտ են ապրել։ Սերգեյը դպրոցում հեշտությամբ սովորեց ուկրաիներենը։ Այնքան լավ էր տիրապետում լեզվին, որ նրա սիրելի գրողներից էր Տարաս Շևչենկոն»,- պատմել է գյուղխորհրդի նախագահ Վլադիմիր Խրենը։
Իմանալով Շևչենկոյի հանդեպ Սերգեյի սիրո մասին՝ հարազատները դագաղում դրել են նրա «Кобзарь» ստեղծագործությունների հավաքածուն։
Համագյուղացիները, ովքեր այդ ճակատագրական օրն այցելել են Նիգոյաններին ողբերգական լուրով, հիշում են, որ Սերգեյի մայրն առանց մի բառ ասելու հասկացել է ամեն ինչ։ Սակայն լաց չի եղել, այլ լուռ ասել է. «Սերյոժան մահացել է հանուն Ուկրաինայի...»։
Նշենք, որ Նիգոյանների ընտանիքն Ուկրաինա է տեղափոխվել արցախյան պատերազմի տարիներին՝ Տավուշի մարզից։
















