Tata Motors ավտոկոնցեռնի ղեկավարն ընկել է հյուրանոցի պատուհանից ու մահացել
Հնդկաստանի խոշորագույն ավտոկոնցեռնի` Tata Motors Ltd.-ի ղեկավար Կառլ Սլիմը մահացել է` ընկնելով պատուհանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
52-ամյա Սլիմը ցած է ընկել Բանգկոկում հյուրանոցներից մեկի լուսամուտից` գործուղման ժամանակ:
Բանգկոկում Սլիմը պետք է մասնակցեր Tata Motors Thailand Ltd.-ի տնօրենների խորհրդի նիստին: Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում մահվան պատճառը: Ենթադրություններ կան, որ հնարավոր է ինքնասպանություն է տեղի ունեցել: Մամուլի մեկ այլ վարկածով` նա պարզապես կորցրել է հավասարակշռությունը:
Կառլ Սլիմը Tata Motors-ի ղեկավարն էր դարձել 2012-ի հոկտեմբերին:
Tata Motors-ն աշխարհի 20 խոշորագույն ավտոարտադրողներից է, երրորդն է ավտոբուսների, չորրորդը` բեռնատար տրանսպորտի արտադրության ոլորտում: Tata Motors-ի դուստր ձեռնարկությունների թվում են Land Rover-ն ու Jaguar-ը:










