Գումար չունե՞ս, աղջկա՛դ վաճառիր. թուրքերը գնում են սիրիացի փախստականների երիտասարդ աղջիկներին

14:34 • 27.01.14

Պատերազմից փախած սիրիացի կանանց ողբերգությունն այդքանով չի ավարտվում։ Թուրքիայում ապաստան ստացած սիրիացի կանանց այլ դժվարություններ են սպասվում։ Անվտանգության և նյութական դժվարությունների պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում ամուսնանալ թուրքերի հետ՝ գումարի դիմաց, գրում է «Միլլիյեթը»։

 

Հաճախ հավատալով, որ թուրք տղամարդն ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, սիրիացիներն իրենց աղջկան կնության են տալիս, սակայն հարսանիքից անմիջապես հետո ի հայտ են գալիս կանայք ու երեխաները, և սիրիացի աղջիկը հայտնվում է երկրորդ կամ երրորդ կնոջ կարգավիճակում և ստիպված է լինում անել տան ողջ գործը։

 

Պատերազմից փախած ընտանիքների սոցիալական վիճակը շատ ծանր է. ոչ տուն ունեն, ոչ աշխատանք։ Ուրֆայում, որտեղ փախստականները շատ են, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչն ահազանգում է, որ արաբուհիների հոգեկան վիճակը շատ ծանր է։ Նրանք զղջում են Թուրքիա գալու համար։

 

«700 թուրքական լիրա տանտիրոջը վճարել չկարողացող սիրիացի ընտանիքին տանտերն ասաց.  «Այդ դեպքում աղջկադ տուր»։ Ինքներս ենք լսել։ Պնդում են, թե սիրիացի աղջիկների հետ ամուսնանալով՝ նրանց լավություն են անում, փրկում են նրանց»,-ասել է նա։

 

Խաբված սիրիացի կանանցից մեկը, ծածկելով դեմքը, նշել է, որ թուրք տղամարդկանց 90%-ը խաբեբա է։

 

«Սիրիայում տղամարդիկ երբեք չեն խաբում կանանց։ Սակայն թուրք տղամարդիկ կանանց հասնելու համար ինչ սուտ ասես չեն հնարի»,-ասել է նա։

 

Գումարի դիմաց ամուսնացող և մայրացող աղջիկների տարիքը հաճախ չի անցնում 15-16 տարեկանը։ Շատ են լինում դեպքեր, երբ 60-ն անց թուրք տղամարդն ամուսնանում է 19-20 տարեկան սիրիացի աղջկա հետ։