Այցելություններ «Եռաբլուր». պաշտոնյաները խուսափում են մարդկանցից
Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ այսօր առավոտից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀՀ քաղաքացիներ այցելում են «Եռաբլուր» պանթեոն: Ինչպես Եռաբլուրից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, առավոտյան պանթեոն են այցելել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ:
Այստեղ են հավաքվել նաև մի խումբ տիկնայք, ովքեր փորձեցին մոտենալ նախ Նախագահին, այնուհետ նաև վարչապետին և այլ պաշտոնյանների: Սակայն նրանց դա հիմնականում չհաջողվեց: Պաշտոնյաները հնարավորինս արագ դրեցին իրենց ծաղիկները և հեռացան պանթեոնից:
Կանայք փորձում էին օգնություն խնդրել պետական այրերից տարբեր խնդիրների լուծման համար, սակայն հիմնականում նրանք չէին արձագանքում մարդկանց խնդրանքներին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի կնոջ հեռախոսահամարներ տվեց և առաջարկեց պայմանավորվել հանդիպման համար:
Այս պահի դրությամբ շարունակվում են այցելությունները դեպի «Եռաբլուր»:










