Իրենց մարտական դիրքերում լինեն անվախ, տղուս նման հերոս. զոհված զինվորի հոր մաղթանքը

15:40 • 28.01.14

Հունվարի 19-ի լույսի 20-ի գիշերը ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված և այսօր ՀՀ Նախագահի կողմից հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով պարգևատրված Արմեն Հովհաննիսյանի հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց բոլոր զինվորականներին Հայոց բանակի 22–ամյակի առթիվ, իսկ այնուհետև մաղթեց.

 

«Իրենք լինեն իրենց մարտական դիրքերում անվախ, տղուս նման հերոս... Տղուս համար էլ ինչ ասեմ… ճակատս բաց է»:

 

Նույն օրը արիություն ցուցաբերելու համար «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվեց նաև Նորայր Մկրտչյանը, ով նշեց, որ արդեն ավելի փորձառու են ինչ-որ չափով և հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեն:

 

Հարցին, թե ինչ կցանկանար ասել իր զոհված ընկերոջը, նա դժվարացավ պատասխանել, սակայն նշեց. «Այդ օրը շատ բարդ իրավիճակ էր, իր արած քայլին իրականում քչերը կդիմեին, ինքը համարձակ էր, գնաց առաջ ու այդպես եղավ: Քիչ էր մնացել զորացրմանը՝ հինգ ամիս, ինչքան որ ինձ»: