Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ քաղաքացիների համար մուտքը երկիր վճարովի դարձնել. ԶԼՄ-ներ

13:13 • 28.01.14

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է որոշում ընդունել, որը կխստացնի Եվրամիության, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիների համար մուտքը երկիր: Նրանցից ակնկալվում է վճար պահանջել սահմանը հատելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Коммерсантъ-Украина»–ին, որն էլ վկայակոչում է նախարարների կաբինետում իր աղբյուրին:

 

Աղբյուրի խոսքով՝ փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է, այն քննարկվել է հունվարի 22-ի կառավարության նիստում, բայց ուղարկվել է վերամշակման: Գումարի չափն իմանալ չի հաջողվել:

 

Աղբյուրն ընդգծել է, որ սա կվերաբերի միայն վերոնշյալ երկրներին: Այդ երկրները, նրա խոսքով, «Կիևի վրա ճնշում են գործադրում՝ վերջին հակաժողովրդավարական գործընթացների հետ կապված»:

 

Նշվում է նաև, որ Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ քննարկվել է երկրում իրադարձությունների վրա Արևմուտքի ազդեցության վերացման մեխանիզմը: Այդ ժամանակ խոսքն «արտասահմանյան գործակալ» տերմինի ներդրման, ԱՄՆ և ԵՄ բնակիչների համար վիզաների, ինչպես նաև այլ քայլերի մասին էր: Այնուամենայնիվ, հետագայում որոշվել է հրաժարվել եվրոպացիների և ամերիկացիների համար վիզային ռեժիմ մտցնելու գաղափարից, քանի որ այն առաջացնելու էր տեխնիկական բարդություններ: