Ֆրանսիայում արձանագրվել է գործազրկության ռեկորդային ցուցանիշ
Ֆրանսիայում հունվարի 27-ին հրապարակված տվյաները վկայում են, որ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 3.3 միլիոն մարդ: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Local-ին:
Այս թվերը ցույց են տալիս, որ Ֆրանսուա Օլանդին չի հաջողվել 2013 թվականի վերջին փոխել գործազրկության վիճակը երկրում, ինչը նա խոստացել էր նախընտարական արշավի ժամանակ:
Ֆրանսիայի աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ աշխատանք փնտրողների թիվն աճել է 10.200-ով: Եթե գործազուրկների թվին գումարվի մասամբ զբաղված մարդկանց թիվը, ապա ընդհանուր թիվը կհասնի 4.89 միլիոն մարդու:
Գործազրկության ծավալների անկումը, որը գրանցվել էր հոկտեմբերին, կառավարությանը հույս էր տվել, որ բազմամյա ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցող նախագահն է, նոյեմբերին հայտարարել էր, որ իրեն հաջողվել է կատարել խոստումը և կանխել գործազրկության աճը 2013 թվականի վերջին:










