Բրիտանացի աշակերտուհին բազմամիլիոնանոց փոխհատուցում կստանա իր ուղեղում սոսինձ ներարկած բժիշկներից

13:22 • 28.01.14

Անգլիական Էսսեքս կոմսության 13-ամյա բնակչուհի Մաիշա Նաջիբը Great Ormond Street հիվանդանոցից բազմամիլիոնանոց դրամական փոխհատուցում կստանա, քանի որ այդտեղի բժիշկները պատահաբար աղջկա ուղեղի մեջ սոսինձ են ներարկել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ճակատագրական սխալի հետևանքով դեռահասն ուղեղի լուրջ վնասվածք է ստացել, որը բուժել հնարավոր չէ։ Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել 2010թ. հունիսին, սակայն դատական քաշքշուկն ավարտվել է միայն այժմ։

 

Նաջիբը դիմել է նշված հիվանդանոց, քանի որ հազվագյուտ հիվանդության պատճառով նրա զարկերակներն ու երակները խճճվելու հատկություն են ունեցել, ինչը հանգեցնում էր արնահոսության։ Մի քանի անգամ դեռահասն այդտեղ հաջող բուժում է ստացել, ինչը ենթադրել է սոսնձի ներարկում՝ արնահոսությունը դադարեցնելու նպատակով։ Բացի այդ, աղջկան ներարկվել է անվտանգ ներկանյութ, ինչն արվել է ուղեղում ու գլխի մեջ արյան մատակարարումը ստուգելու համար։

 

Սակայն հերթական ներարկումից առաջ այնպես է ստացվել, որ բժիշկները շփոթել են ներկով ու սոսնձով ներարկիչները։ Դրա հետևանքով ներկանյութի փոխարեն սոսինձն է ներարկվել աղջկա զարկերակների ու երակների մեջ, ինչը հանգեցրել է ուղեղի վնասվածքի։

 

Այժմ դատարանի որոշմամբ Great Ormond Street հիվանդանոցը պետք է Նաջիբին վճարի 2.8 մլն ֆունտ ստեռլինգ և ևս տարեկան 383.000 ֆունտ ստեռլինգ՝ մինչև աղջիկը դառնա 19 տարեկան։

 

Բացի այդ, նրա 20 տարին լրանալուց հետո հիվանդանոցը կավելացնի տարեկան վճարման չափը՝ այն հասցնելով 423.000 ֆունտ ստեռլինգի։ Պարբերականը նշում է, որ այդ գումարը հիվանդանոցը վճարելու է մինչև հիվանդի կյանքի վերջ։