Օլանդի նախկին քաղաքացիական կինը պատմել է իր ծրագրերի մասին
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը չի ցանկանում զբաղվել քաղաքական լրագրությամբ, թեև հաջողակ քաղաքական լրագրող է եղել մինչև Ֆրանսուա Օլանդի իշխանության գալը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այդ մասին Վալերին հայտնել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում «Սովի դեմ պայքար» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող բարեգործական միջոցառման ժամանակ:
Այդուհանդերձ՝ Տրիերվեյլերի որոշումը վերջնական չէ: Այժմ նա «Paris Match» շաբաթաթերթի գրական դիտորդն է պայմանագրային պայմանավորվածություններով և համարվում է Փարիզի ամենաբարձր վարձատրվող լրագրողներից մեկը:
Օլանդի նախկին ընկերուհին նշել է, որ բարեգործությամբ զբաղվելն իրապես իր սրտով է, իսկ նման գործունեությամբ նա սկսել է զբաղվել առաջին տիկին դառնալուց հետո: Նա տեղեկացրել է, որ հետագայում ևս կշարունակի ակտիվ գործունեություն ծավալել և հատկապես՝ աջակցություն ցուցաբերել առավել խոցելի երեխաների խմբին:
Վալերի Տրիերվեյլերն ու Ֆրանսուա Օլանդը փաստացի ամուսիններ են համարվել 2007թ.-ից: Բաժանման առիթ է հանդիսացել Օլանդի սիրային կապը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:
Ելիսեյան պալատում անցկացրած ժամանակահատվածի մասին խոսելիս Վալերին նշել է, որ անգնահատելի փորձ է ձեռք բերել, որը փոխել է իր կյանքը:










