Էլիզաբեթ 2-րդը շատ է ծախսում. բրիտանական խորհրդարան
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննադատել է թագավորական ընտանիքին բյուջեի ոչ արդյունավետ պլանավորման համար: Նման եզրակացության է եկել, մասնավորապես, Պետական միջոցների վերահսկողության խորհրդարանական հանձնաժողովը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:
Հանձնաժողովի ներկայացուցիչները բացահայտել են, որ թագավորական ընտանիքը խուսափում է տնտեսման միջոցներից, որոնք ընդունել են պետական հաստատությունները ֆինանսական ճգնաժամի պատճառով:
Թագուհու ծախսերը վերջին վեց տարվա ընթացքում կրճատվել են ընդամենը 5 տոկոսով: Ընդ որում՝ պետական ծառայությունները ստիպված են եղել կրճատել ծախսերը մեկ երրորդով: Բացի այդ, թագավորական ընտանիքին պատկանող պալատները գտնվում են անմխիթար վիճակում, և հայտնի չէ՝ որքան գումար կպահանջվի դրանց վերականգնման համար:
Ֆինանսական դժվարությունները լուծելու համար պատգամավորները թագուհուն առաջարկել են ավելի հաճախ զբոսաշրջիկներին թույլ տալ այցելել Բուքինգհեմյան պալատ իր բացակայության ժամանակ: Հանձնաժողովն առաջարկել է տվյալ միջոցները, որոնք կարելի է ստանալ զբոսաշրջիկների թվի աճից, օգտագործել պալատների վերանորոգման համար:










