Յանուկովիչը համաձայնել է չեղարկել հունվարի 16-ի օրենքը, կհայտարարվի նաև համաներում
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո համաձայնել է չեղարկել հունվարի 16-ին ընդունված օրենքը: BBC-ն հայտնում է, որ կողմերը պայմանավորվել են նաև համաներման մասին: Ըստ այդմ` համաներում կկիրառվի բոլոր ցուցարարների դեմ: Սակայն պայմանն այն է, որ նրանք պետք է ազատեն բոլոր գրավված վարչական շենքերն ու ավտոճանապարհները:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան մի շարք վիճելի օրենքներ էր ընդունել: Մասնավորապես, քաղաքացիները, որոնք հավաքվում են վարչական հաստատությունների մոտ, կարող են ենթարկվել 10-օրյա կալանքի: Բացի այդ, զանգվածային ակցիաների ժամանակ շարֆեր, թաշկինակներ և սաղավարտներ կրելու համար ցուցարարները կարող են ենթարկվել մինչև 15 օր կալանքի, ցանկացած կառույցի տեղադրման համար՝ նույնպես 15 օր կալանքի:
Այսպիսի մանրամասներ է հրապարակել Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը շաբաթ օրը կայացած և ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից, երբ «Հայրենիք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հրաժարվել էր գլխավորել կառավարությունը:
Հայտնի են դարձել նաև շաբաթ օրը կայացած հանդիպման այլ մանրամասներ. Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել փոփոխել Սահմանադրությունը, ստեղծել աշխատանքային խումբ, որով անցում կկատարվի խորհրդարանանախագահական հանրապետության:
Հունվարի 16-ին Ռադայի կողմից ընդունված օրենքները բողոքի ալիք էին բարձրացրել ամբողջ երկրում: Դրանց չեղարկում են պահանջում նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ն:
Դիմակայությունը ցուցարարների և իրավապահների միջև շարունակվում է, սակայն գիշերը Կիևում խաղաղ է եղել:










