Մոսկվայում ձերբակալվել է հանգուցյալ «օրենքով գող» Դեդ Հասանի 56-ամյա եղբորորդին

13:40 • 28.01.14

Մոսկվայի Բոլշայա Ֆիլևսկայա փողոցում գտնվող ռեստորաններից մեկում խափանվել է հերթական «գողական հավաքը»։ Միջոցառման մասնակիցները կիսում էին շրջանում ազդեցության քրեական ոլորտները և պատրաստվում թագադրել հյուրերից մեկին։ Սակայն հավաքված «հեղինակությունների» պլանները խափանել են ոստիկանության աշխատակիցները, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Ձերբակալվել է երկու «օրենքով գող». նախորդ տարի Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) 56-ամյա եղբորորդին՝ Թեմուրի Միրզոևը, ով ավելի հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի, և նրա «սանիկը»՝ 43-ամյա Ռաջիդին Միխրալիևը, նույն ինքը՝ Ռաջիկ Նիժնևարտովսկին»,- պատմել է Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Ռոման Միխայլովը։

 

Նրա խոսքով՝ ինչպես և նախորդ անգամ, ձերբակալության ընթացքում Միրզոևն իրեն վատ է զգացել, ինչի պատճառով «շտապօգնության» խումբ են հրավիրել։ Բժիշկները նրա մոտ անհանգստացնող որևէ բան չեն հայտնաբերել և հրաժարվել են հոսպիտալացնել։ Հայտնվել հիվանդանոցում Թիմուրին հաջողվել է միայն 2-րդ փորձից, որտեղ էլ հետազոտման արդյունքում պարզվել է, որ հիվանդի վատ ինքնազգացողությունը կեղծ է։ Բժիշկները նրան հանձնել են իրավապահներին, որոնք էլ վերջինիս տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, այնուհետև բաց թողել։