ԵՄ-ում սկսվում է ավիադիսպետչերների երկօրյա գործադուլը
Եվրոպացի ավիադիսպետչերների երկօրյա գործադուլը, որը սկսվում է այսօրվանից, կարող է որոշ երկրներում չվացուցակների խափանման հանգեցնել, առաջին հերթին՝ Իտալիայում և Ֆրանսիայում։ Նման զգուշացում են արել բրիտանական British Airways և EasyJet ավիաընկերությունները, հայտնում է Корреспондент-ը։
Ավիադիսպետչերների եվրոպական արհմիությունների համակարգման հանձնաժողովը պատրաստվում է հունվարի 29-ին բողոքի ակցիա կազմակերպել՝ ԵՄ-ի «Եվրոպական բաց երկինք» նախաձեռնության իրականացման վերաբերյալ։ Այն ուղղված է ԵՄ երկրներում ինքնաթիռների թռիչքների վերահսկման համակարգի բարեփոխումներին և ազատականացմանը։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ այդ նախաձեռնության կյանքի կոչումը թույլ կտա մեծացնել եվրոպական ավիացիայի ուղևորահոսքը և նվազեցնել վնասները։ Դիսպետչերներն անհանգստանում են, որ նախաձեռնության գլխավոր նպատակը միջոցների տնտեսումն է, ինչը կհանգեցնի ոլորտի աշխատակիցների հեռացմանը և բացասաբար կանդրադառնա թռիչքների անվտանգության վրա։
Գործադուլին կմասնակցեն Ավստրիայի, Հունգարիայի, Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Չեխիայի դիսպետչերները։ Բրիտանացի ավիադիսպետչերները գործադուլ չեն անի։
Առավել շատ գործադուլը կազդի Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի թռիչքների վրա, որոնք հայտնի տուրիստական երթուղիներ են ձմռան շրջանում։










