2014թ. առողջապահության ոլորտի կարևոր հարցերն են լինելու կոռուպցիոն ռիսկերի կրճատումը և առողջ ապրելակերպի քարոզումը
Առողջապահության նախարարությունը 2013թ. միայն շինարարության ոլորտում նախորդ տարի գրանցել է 1 մլն. 650 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով խնայողություն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ընդգծեց, որ այդ խնայված գումարներով մարզերում հիվանդանոցներ են կառուցելու:
«Այս տարի ևս 6 ամբուլատորիաներ կկառուցվեն, որոնցից միայն մի քանիսը Տավուշում, Ճամբարակի հիվանդանոցը կվերակառուցվի, տասը շտապօգնության մեքենաներ կվերանորոգենք ու կտրամադրենք հեռավոր մարզերի մեր ամբուլատորիաներին»,-ասաց նա:
Անդրադառնալով 2014թ-ի գերակա խնդիրներին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ դրանցից առաջինը համարում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն ու բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:
«Դրա համար նախապատրաստական որոշակի միջոցառումներ իրականացրել ենք արդեն նախորդ տարի: 2013-ի որոշակի չափով կրճատվեց ստվերը, եթե 2010-ին մուտքերը կազմել էին 10 մլրդ դրամ, ապա նախորդ տարի՝ 31 մլրդ դրամ: Խոսքը ստացիոնար բժշկական ծառայության, վճարովի և համավճարովի բժշկական ծառայությունների մասին է: Որոշակի բուժհիմնարկներ բավականին առաջընթաց են գրանցել, բժշկական հիմնարկներից մեկը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վճարած հարկը 5 անգամ ավելացել է և անցել 1 մլրդ դրամը»,-ասաց նա:
Մյուսը կարևոր հարցը, ըստ նախարարի, մարզերի բժշկական հաստատությունների վերակառուցումն ու վերակազմավորումն է: «Մենք 2014-ին ավարտելու ենք Բերդի հիվանդանոցի շինարարությունը, Մեղրիի, Կապանի հիվանդանոցների շինարարությունը, այդ բոլոր հաստատությունները ապահովելու ենք նորագույն սարքավորումներով ու կահույքով»,-ասաց նա:
Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ ընթացիկ տարվա ընթացքում ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագիրը ևս կարևոր հարցերից մեկն է լինելու, ինչպես նաև հասարակության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումը:










