Հայտնի է բողոքի ցույցերի ընթացքում Կիևին հասցված վնասի նախնական չափը

12:07 • 29.01.14

Զանգվածային ցույցերի ընթացքում Կիևի կենտրոնական շենքերին և ճանապարհներին հասցված վնասը միայն նախնական գնահատականներով մոտ 20 միլիոն գրիվեն է (2,5 միլիոն դոլար): Այդ մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Անատոլի Գոլուբչենկոն, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

«20 միլիոն՝ դա միայն շենքերի և զբոսայգիների նախնական ստուգումից հետո: Իշխանության աջակիցների հանրահավաքների կազմակերպիչներին հաշիվն արդեն ներկայացված է: Իսկ Անկախության հրապարակի և Գրուշևսկու փողոցի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել»,- նշել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը:

 

Գրեթե երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ այրվել է Գրուշևսկու փողոցում և Մուզեյնի նրբանցքում մի քանի շենք, կրակից խիստ տուժել է Սիրահարների կամուրջը, այրվել են Մարիինյան և այլ զբոսայգիների ծառերը:

 

Ամենալավատեսական կանխատեսումներով՝ քաղաքի վերականգնումը կպահանջի մի քանի շաբաթ: Քաղաքի մշակութային օբյեկտներին հասցված վնասը դեռ պետք է գնահատել: