Նիկարագուայի նախագահը կարող է վերընտրվել անսահմանափակ թվով

10:30 • 29.01.14

Նիկարագուայի ազգային ժողովը երեքշաբթի վերջնականապես հավանության է արժանացրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որոնք վերացնում են երկրի նախագահի վերընտրման սահմանափակումները, գրում է ria.ru-ն՝ հղում անելով լատինամերիկյան ԶԼՄ-ներին:

 

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 25-ը: Այդ կերպ՝ գործող նախագահ Դանիել Օրտեգան կկարողանա առաջադրել իր թեկնածությունը 2016 թվականի ընտրություններում:

 

Օրտեգան 2012-ին երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է երրորդ անգամ: Առաջին անգամ նա զբաղեցրել է նախագահական աթոռը 1985 թվականին և նախագահել մինչև 1990 թվականը: Այնուհետ նա կարողացել է իշխանության վերադառնալ 2006 թվականի ընտրություններին:

 

Երկրի օրենսդրությունը նրան թույլ չէր տալիս առաջադրվել երկրորդ ժամկետի համար անընդմեջ, սակայն այդ դրույթը դատարանի որոշմամբ կարողացել են շրջանցել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմության կողմից և առաջացրել միջազգային հանրության մտահոգությունը: