ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Սիրիայի ընդդիմությանը, սակայն ոչ ծայրահեղականներին
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Սիրիայի ընդդիմությանը, սակայն ոչ ծայրահեղականներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված ամենամյա ելույթի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
«Սիրիայում մենք կշարունակենք աջակցել ընդդիմությանը, որը մերժում է ահաբեկչական կազմակերպությունների ցանցի օրակարգը»,- ասել է Օբաման։
2013թ. ամռանը ԱՄՆ-ն որոշել էր օգնություն հատկացնել սիրիական զինված ընդդիմությանը, որը փորձում է պաշտոնանկ անել Բաշար ալ Ասադին։ Հետագայում ԱՄՆ-ն բազմիցս անհանգստություն է հայտնել, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ֆոնին տարածվում է ծայրահեղականությունը։
Օբաման նշել է նաև, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել սիրիական քիմիական զենքի ոչնչացման պլանին, որն առաջարկել է Ռուսաստանը։ «Սիրիական քիմիական զենքը ոչնչացվում է շնորհիվ ամերիկյան դիվանագիտության, որն ամրապնդվել է ուժի կիրառման սպառնալիքով։ Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ՝ հասնելու համար այն ապագային, որին արժանի է սիրիացի ժողովուրդը»,- ասել է Օբաման։










