Օբաման Պուտինից լավն է, սակայն ամենուր զիջում է նրան. Միթ Ռոմնին մեկնաբանել է օրերս հնչեցրածը
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Միթ Ռոմնին օրերս հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ զուգահեռներ է անցկացրել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև։ Fox News-ը փորձել է պարզել, թե ինչ է նկատի ունեցել նա, փոխանցում է inotv.rt.com-ը։
Հիշեցնենք, որ նա ասել էր, թե Պուտինը միջազգային ասպարեզում բազմիցս գերազանցել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային։
«Ես Սիրիայի վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էի, որ Պուտինը կրկին առաջ է անցել նախագահ Օբամայից։ Տեսեք, միջազգային ասպարեզում Պուտինը սիրիական հարցն այնպես լուծեց, որ մեր նախագահը ստիպված եղավ երկրորդական դեր ստանձնել։ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը նույնպես հսկայական հաղթանակ է Ռուսաստանի համար»,- ասել է Ռոմնին։
Սենատորը նշել է նաև, որ Պուտինը սարսափելի նախագահ է։ «Նա ավազակ է, նա սպանել է, որքանով որ ես կարող եմ ենթադրել։ Ես չեմ ուզում նրան մեղադրել սպանությունների համար, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներն անհետանում էին, ընդդիմության ներկայացուցիչներն անհետանում էին, բանտում հայտնվում և այլն։ Այնպես որ մենք լավ մարդու մասին չենք խոսում»,- ասել է նա։
Ռոմնին հավելել է, որ իրենց նախագահը շատ ավելի լավն է, սակայն «իր սիրտը կոտրվում է, երբ տեսնում է, թե ինչպես է Պուտինը նրա հետ խաղում միջազգային ասպարեզում»։










