ԱՄՆ-ում 16-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ 900 մետր բարձրությունից ընկնելուց հետո
ԱՄՆ Տեխաս նահանգի Ջոշուա քաղաքի 16-ամյա բնակչուհի Մաքենզի Ուեինգթոնը հիվանդանոցում է հայտնվել պարաշյուտով անհաջող թռիչքից հետո։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, պարաշյուտը չի բացվել, և աղջիկն ընկել է 900 մետր բարձրությունից։ Աղջիկը հրաշքով ողջ է մնացել, սակայն բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։ Մաքենզին պարաշյուտով թռիչքի համար ունեցել է ծնողների թույլտվությունը։ Բացի այդ, հենց նրա առջևից թռել է հայրը։
«Պեգաս» մարզական կենտրոնի ղեկավար Ռոբերտ Սվեյնսոնը պատմել է, որ թռիչքի ընթացքում ինչ-որ պատճառով չի բացվել աղջկա պարաշյուտը, և նա մի քանի հարյուր մետր վար է սլացել։ Մինչ թռիչքն աղջիկը մի քանի ժամ ուսուցում է անցել։
Բժշկական կենտրոնի մասնագետներն ասել են, որ վնասվել է աղջկա լյարդը, կոտրվել են կոնքի ոսկորները, թիակն ու մի քանի կողոսկրեր։
Աղջկա վիճակն այժմ բարելավվել է, և նա շուտով դուրս կգա վերակենդանացման բաժանմունքից։
«Անհավատալի է, թե ինչպես է նրան հաջողվել փրկվել՝ նման հսկայական բարձրությունից ընկնելուց հետո»,-ասել է վիրաբույժ Ջեֆրի Բենդերը՝ հավելելով, որ վերականգնվելու համար Մաքենզիից կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ։










