Ռուսաստանի խոշորագույն պետական մեդիաընկերությունը մի ամբողջ բաժին է աշխատանքից ազատել նացիստական փոստի համար
Ռուսաստանի խոշորագույն պետական մեդիաընկերությունը՝ ՎԳՏՌԿ-ն (ВГТРК), աշխատանքից ազատել է Սոցիալական մեդիայում մարքեթինգի բաժնի բոլոր աշխատակիցներին՝ ընկերության ֆեյսբուքյան էջում նացիստական քարոզչության նախկին ղեկավար Յոզեֆ Գեբելսի վերաբերյալ փոստ անելու ու նրան «մեծ անձնավորություն» որակելու համար։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ВГТРК-ն, որին պատկանում են բազմաթիվ պետական հեռուստաալիքներ, Facebook-ում տեղադրել է Գեբելսի լուսանկարն ու մեջբերել նրա տեսակետը բոլշևիկների ղեկավար Վլադիմիր Լենինի մասին։ Աղբյուրը մանրամասնում է, որ փոստն արվել է Լենինի մահվան 90-ամյակի կապակցությամբ իրականացվող «Մեծերը Լենինի մասին» նախագծի շրջանակներում։
«Մենք ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից էթիկայի կանոններից դուրս հրապարակման համար, որի բոլոր պատասխանատուները՝ Սոցիալական մեդիայում մարքեթինգի ողջ բաժինը, հեռացվել է աշխատանքից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերությունը, որը սոցկայքում ունի 1.1 մլն-ից ավելի հետևորդ։










