Վան Դամի մասնակցությամբ Volvo-ի գովազդային տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

12:49 • 29.01.14

Volvo ընկերության գովազդային տեսանյութերի շարքը, որն ընդգրկում է նաև Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ հայտնի տեսահոլովակը, որտեղ նա շպագատ է իրականացնում երկու շարժվող բեռնատարների միջև, դարձել է շվեդական ավտոարտադրողի ամենահաջողված մարքեթինգային քայլը:

 

Տեսահոլովակի պատրաստման համար ներդրված 20-30 միլիոն կրոնը (3-4,7 միլիոն դոլար) ընկերությանը 1,1 միլիարդ կրոն (170 միլիոն դոլար) է բերել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Դագենս Ինդուսթրի» թերթին:

 

Վան Դամի մասնակցությամբ գովազդը, որը թողարկվել էր անցած տարվա նոյեմբերին և տեղադրվել YouTube-ում, գրանցել է մոտ 70 միլիոն դիտում, ինչն այն դարձնում է այդ ինտերնետ-ռեսուրսի ողջ պատմության ընթացքում ավտոմեքենաների ամենահայտնի գովազդը: Տեսահոլովակը ոչ միայն հիացրել է դիտորդներին, այլև ոգեշնչել ոմանց սեփական տեսահոլովակների ստեղծման հարցում, ինչի արդյունքում համացանցում է հայտնվել հայտնի կինոդերասանի հնարքի նմանակումների մի ամբողջ շարք: