Փոլ Ուոքերի հետ ավտովթարի հետևանքով մահացած վարորդի այրին դատի է տվել Porsche-ին (լուսանկար)

13:58 • 13.05.14

Porsche ավտոկոնցեռնի դեմ դատական հայց է ներկայացվել ճանապարհատրանսպորտային պատահարում «Ֆորսաժ» ֆիլմի դերասան Փոլ Ուոքերի մահվան առնչությամբ, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Time.com-ին: Դա արել է վթարի ժամանակ Porsche մեքենայի ղեկին եղած Ուոքերի ընկերոջ՝ Ռոջեր Ռոդասի այրին։

 

Հայցվորը պնդում է, որ մեքենայի կառուցվածքում առկա թերություններն են անցած տարվա նոյեմբերին վթարի պատճառ դարձել, որի հետևանքով Ռոդասն ու Ուոքերը մահացել են:

 

Քրիստին Ռոդասը համոզված է նաև, որ նրա մահացած ամուսինը՝ պրոֆեսիոնալ ավտոարշավորդը, չի խախտել արագության ռեժիմը: Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը գերազանցել է թույլատրելի արագությունը գրեթե երկու անգամ, բայց հայցվորը պնդում է, որ նա ընթացել է ժամում 55 մղոն արագությամբ, իսկ դա ճանապարհային երթևեկության կանոններով չի արգելվում:

 

Քրիստին Ռոդասն իր հայցում նշում է, որ մեքենան սարքին չի եղել: Նրա կարծիքով՝ վարորդը և ուղևորը կարող էին ողջ մնալ, եթե ավտոմեքենան զինված լիներ պաշտպանական համակարգերով, որոնք կկանխեին վթարի դեպքում վառելիքի բռնկումը: Նշենք, որ մեքենան այրվել էր ծառի հետ բախումից։

 

Փոլ Ուոքերի հետ ավտովթարի հետևանքով մահացած վարորդի այրին դատի է տվել Porsche-ին (լուսանկար)