«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի առթիվ կիրականացվի ծառայողական քննություն

17:41 • 13.05.14

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 5-ին արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոններում ծառայողական քննություն իրականացնելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը՝ հավելելով, որ նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մասնագիտական պարտականությունների համապատասխանությունը սահմանված կարգին։

Հիշեցնենք, որ Hetq.am-ը «Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով» վերտառությամբ բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում տեղեկացվում էր, որ ՀՀ քաղաքացի Էդգար Շաթիրյանը այս տարվա մայիսի 5-ին, ժամը 15.00-ի ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է: Էդգարի մահվան հանգամանքների վերաբերյալ հարազատների հարցերին ի պատասխան աշխատակիցները հայտնել են, որ նկարահանել են Էդգարի մահանալու ողջ պրոցեսը հեռախոսով, և իրենք անմեղ են: